Եվրոպայի ֆուտբոլի առաջնությունում անհաջող ելույթից հետո փոխվեցին բավականին մեծ թվով հավաքականների գլխավոր մարզիչներ: Այդ սանդղակով, իհարկե, չի անցնում Ռուսաստանի ընտրանին, որովհետև դեռևս առաջնությունից առաջ էր երկրի ֆեդերացիան հրաժարվում երկարաձգել Դիկ Ադվոկատի հետ պայմանագիրը` սպասելով «Եվրո- 2012»-ի արդյունքներին, ինչին հոլանդացի մասնագետը խորամտորեն դեմ էր: Արդյունքը եղավ այն, ինչ եղավ: Սակայն սա չէ բուն ասելիքս: Ծիծաղելին վրա հասավ առաջնությունից հետո, երբ ռուսական լրատվամիջոցներն օրը մեկ սկսեցին հրապարակել հնարավոր ապագա գլխավոր մարզչի անուններ` նրանց Մոսկվա «բերելով» ու հաջորդ օրն իսկ հերքելով «հավաստի» փաստը: Իսկ ի՛նչ անուններ էին հիշատակվում` է՜լ Կապելո, է՜լ Գվարդիոլա, է՜լ Մանչինի… Հասկանալի է, որ փողը մեծ բան է, բայց ամեն ինչ չէ, որ փողով է գնվում: Վերջապես կան մարդիկ, չէ՞, որ գիտեն իրենց գինն ու չեն ուզում վերածվել մանրադրամի կամ դառնալ մանրադրամ:
Լավ մասնագետը շատ բան է նշանակում, սակայն լավ մասնագետը նաև ուժեղի ու թույլի միջև համեմատություն անցկացնելու տարրական գիտելիքներ էլ ունի, բարեկամներս: ՈՒրեմն, զորօրինակ, մասնագիտական բարձր որակավորում ունեցող, ալիքի վրա գտնվող Մանչինին հզոր կազմ ունեցող «Մանչեստր Սիթին» պիտի թողներ ու գար Ռուսաստանի թույլիկ հավաքականի ղեկին կանգներ, հա՞: Սակայն եկեք ռուսներին թողնենք մի կողմ, մանավանդ որ, մեր դարդերն էլ պակաս չեն: Ֆուտբոլի Եվրոպայի լիգայի 2012-2013 թվականների խաղարկության որակավորման առաջին փուլի շրջանակներում մեր Կապանի «Գանձասարն» արտագնա խաղում պարտվեց Ֆարեյրան կղզիները ներկայացնող «Ստրեյմուրին»: Ես չգիտեմ, այդ թիմը երբևիցե մեկ ուրիշին հաղթած կա՞, բայց մերոնց լավ էլ նամուսով կրել է 3:1 հաշվով: Չեմ չարախնդում: Լավ էլ ուզում եմ, որ մեզ մոտ այդ կղզիաբնակներին մեր լեռնցիները հաղթեն այնպիսի հաշվով, որ, ինչպես ժողովուրդն է ասում, մուխը բերաններից դուրս գա: Ուզում եմ:
Շատ եմ ուզում, բայց, կներեք, սիրտս խառնում է, երբ լրագրողը, ափսոս, որ նյութի տակ անունը չկա գրված, այդ պարտությունը բացատրում է Ֆարեյրներ տանող ճանապարհի հոգնատանջ լինելով: Տեղ հասնելը հոգնատանջ է եղել, հասկանում եք: Էդ անտերը, եթե 8-9 ժամ էր տևելու, թող մի օր առաջ ճամփա ընկնեին: Թե՞ «բալը» թանկ է, և ուրիշ բանն է էժան: Իսկ անմե՛ղ- անմե՛ղ, միամի՛տ-միամի՛տ այսպես մտածելով չէ՞ր, որ եկանք-հասանք «Հարսնաքար» զահրումարին: Ասածս չկպա՞վ թեմային: Աչքներիդ է երևում: Պարզապես աղն է կերել մատաղը, ու կրակի վրա յուղ չենք ուզում ավելացնել: Տեղ հասնելը հոգնատա՛նջ է եղել, հասկանում եք: Սեփական խոսքը հարգելու, ստորագրելու, նյութի տակ անուն-ազգանուն դնելու պատի՜վը պիտի ունենալ:
Մարտին ՀՈՒՐԻԽԱՆՅԱՆ